Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Տոն, որն ընդմիշտ կմնա մեզ հետ

Տոն, որն ընդմիշտ կմնա մեզ հետ
26.08.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Ավարտվեց համաշխարհային օլիմպիական պատմության ամենաարագ, ամենաուժեղ, ամենաբարձր և ամենաանկրկնելի մարզական տոնը։ Պատմության գիրկն անցավ մարդկային երևակայության և ֆիզիկական հնարավորությունների ցուցադրության ևս մեկ հաշվետվություն։ 29-րդ օլիմպիական խաղերը մարդկությանը պարգևեցին 17 ֆանտաստիկ ակնթարթներ, որոնք լիովին հասկանալու և մարսելու համար կպահանջվեն ամիսներ։ Օրինակները շատ-շատ են։ 16-օրյա պայքարում սահմանվեց 219 ռեկորդ, որոնցից 43-ը՝ համաշխարհային։ Օլիմպիական այս բացառիկ «խրախճանքը» լիովին վայելեց Մայքլ Ֆելպսը։ Ամերիկացի լողորդն ութ անգամ դուրս եկավ մեկնարկ, սահմանեց աշխարհի յոթ և օլիմպիական խաղերի մեկ ռեկորդ՝ նվաճելով ութ ոսկե մեդալ։ Մեկ օլիմպիադայում այսքան դափնի դեռ ոչ մեկին չէր հաջողվել իր հետ տուն տանել։ 36 տարի առաջ, մյունխենյան օլիմպիադայում, լեգենդար Մարկ Սպիտցը նվաճեց յոթ բարձրագույն պարգև, և անգամ ամենահամարձակ երազողներն այն անվանեցին հավերժական։ Այսօր Ֆելպսն ապագայի օլիմպիականների առջև նոր խնդիր դրեց։ Ո՞Ւմ կհաջողվի անցնել այդ մոգական ութի սահմանագիծը։ Միգուցե դարձյա՞լ իրեն։ Չէ՞ որ օլիմպիական խաղերի 14 բարձրագույն պարգևների ասպետն ընդամենը 23 տարեկան է և արդեն այսօր երազում է լոնդոնյան մեկնարկների մասին։
Պեկինը նաև ՈՒսեին Բոլթի օլիմպիադան էր։ Ճամայկացի արագավազորդը 29-րդ խաղերի մայրաքաղաք էր եկել 200 մետր վազքի ոսկու հետևից, իսկ տուն է վերադառնում երեք ֆանտաստիկ նվաճումներով։ Արագավազքի նոր արքան երրորդ հազարամյակի «Կոլիզեումից», որը, չգիտես ինչու, խաղերի կազմակերպիչներն անվանել էին «Թռչնաբույն», տուն տարավ երեք չեմպիոնական պարգև՝ նույնքան համաշխարհային ռեկորդներով։
Պեկինը նաև եթովպացի վազորդ Քենենիս Բեքելիի օլիմպիադան էր։ Կրոսավազքի աշխարհի 11-ակի չեմպիոնը հավասարը չունեցավ թե 5 հազար և թե 10 հազար մետր վազքերում՝ դառնալով խաղերի ողջ պատմության մեջ հինգերորդ մարզիկը, որն օլիմպիական վազքուղում կրկնակի հաղթանակ է տանում։ Նույնը կարելի է ասել նաև ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևայի մասին։ Մինչև Պեկինը Աթենքի օլիմպիական չեմպիոնուհին սահմանել էր 24 համաշխարհային ռեկորդ, իսկ այստեղ այն ավելացրեց ևս մեկով՝ հաղթահարելով 5 մետր 5 սանտիմետր տիեզերական բարձրությունը։ Իր նորամուտը 3 հազար մետր խոչընդոտավազքում համաշխարհային ռեկորդով սկսեց Գյուլնարա Սամիտովա-Գալկինան։ Մրցումներն անցկացվեցին առաջին անգամ, և ռուս մարզուհին Լոնդոնի մասնակիցների առջև խնդիր դրեց վազել 8 րոպե 58,81 վայրկյանից արագ։
«Սպորտի թագուհին» իրավամբ համարվել և այժմ էլ շարունակում է մնալ օլիմպիական խաղերի զարդը, և նրա ասպետներն ապացուցեցին, որ դեռ չեն սպառել իրենց և առաջիկայում էլ կսահմանեն ռեկորդներ, որոնց մասին կարելի է միայն երազել։
Չորս տարի առաջ Աթենքում ընդունելով օլիմպիական դրոշը՝ Պեկինի քաղաքագլուխը հայտարարեց, որ Պեկինում չին մարզիկները կնվաճեն 45 մեդալ։ Որ խաղերի կազմակերպիչ երկրի մարզիկներն անելու էին ամեն ինչ՝ նվաճելու բոլորից շատ բարձրագույն պարգևներ, ոչ ոք չէր կասկածում, սակայն ոչ ոք չէր սպասում, որ Չինաստանում կմնա բոլորից շատ՝ 51 չեմպիոնական դափնի, չհաշված 21 արծաթե և 28 բրոնզե պարգևները։ Ամերիկացիները, որոնք Պեկին էին եկել հերթական անգամ հաստատելու իրենց բարձր կարգը, ստիպված էին բավարարվել երկրորդ տեղով՝ իրենց հետ տուն տանելով 36 ոսկե, 38 արծաթե և 36 բրոնզե պարգև։ Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ միայն երրորդն էր՝ 23 ոսկե, 28 արծաթե և 21 բրոնզե մեդալ՝ իրենից հետ թողնելով անգլիացիներին։ Օլիմպիական խաղերի ապագա կազմակերպիչների ներկայացուցիչները նվաճեցին 19 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ։
Պեկինում ընդհանուր առմամբ պատվո պատվանդան բարձրացան 87 երկրի ներկայացուցիչներ։ Մարզական այս անկրկնելի տոնից անմասն չմնացին նաև մեր հանրապետության ներկայացուցիչները։ Նրանք նվաճեցին վեց բրոնզե մեդալ։ Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին երկաթախաղի վարպետներ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը և Գևորգ Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը, ինչպես նաև բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը։ Հատկապես ուրախացնում է վանաձորցի բռնցքամարտիկի հաջողությունը, քանի որ այս մարզաձևում վերջին անգամ նման հաջողության էր հասել Դավիթ Թորոսյանը, և դա տեղի էր ունեցել 32 տարի առաջ, մոնրեալյան օլիմպիական խաղերում։ Կիսաեզրափակիչում նրա նկատմամբ առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոն։ Աթենքի ավելի թեթև քաշային կարգի չեմպիոնը Պեկինում նվաճեց իր երկրորդ չեմպիոնական դափնին։ Իսկ որ Ջավախյանն արժանի մրցակցություն ցույց տվեց ապագա չեմպիոնին, խոսում է 5։10 հաշիվը։
Իհարկե, շատ կցանկանայինք, որ մեր պատվիրակներն ավելի շատ և ավելի ազնիվ մետաղից պատրաստված դափնիներ նվաճեին, սակայն չմոռանանք, որ չորս տարի առաջ Աթենքում մեր 18 մարզիկներից և ոչ մեկին չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան, իսկ Սիդնեյում մեր 27 օլիմպիականներից միայն ծանրորդ Արսեն Մելիքյանն արժանացավ բրոնզե մրցանակի։ Այնպես որ, Պեկինը հայկական սպորտի համար կարևորագույն քննություն էր և լուրջ քայլ դեպի Լոնդոնի՝ 2012 թվականի օլիմպիական խաղերը։ Չմոռանանք, որ մեր այսօրվա հերոսները դեռևս երիտասարդ են, և նրանց համար սկսվելու է նոր օլիմպիական ընտրապայքար...
Եվ այսպես, Օլիմպիադա-2008-ը դարձավ պատմություն։ Օգոստոսի 24-ին Պեկինը հրաժեշտ տվեց բոլոր ժամանակների ֆանտաստիկ խաղերին։ Փակման արարողության ժամանակ ամփոփելով խաղերի արդյունքները՝ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն ասաց.
-Ավարտվեցին 16 հոյակապ օրերը, որոնք անկրկնելի հետք թողեցին օլիմպիական խաղերի պատմագրքում։ Այս խաղերի ժամանակ աշխարհը շատ բան իմացավ Չինաստանի մասին, իսկ չինացիներն էլ՝ աշխարհի։ 204 երկրների ներկայացուցիչներ ցուցադրեցին իրենց տաղանդը։ Պեկինում ծնվեցին նոր աստղեր, իրենց բարձր նվաճումներով կրկին ուրախացրին անցած խաղերի աստղերը, և մենք կիսում ենք նրանց ուրախությունն ու արցունքները, հիանում նրանց հնարավորություններով։ Մենք երկար կհիշենք այն նվաճումները, որոնց ականատեսն ու վկան եղանք։ Դուք դարձաք սպորտի իսկական չափանիշները։ Դուք ցուցադրեցիք սպորտի միասնությունն ու հզորությունը։ Օլիմպիական ոգին կենդանի է, չնայած տարբեր երկրներում գոյություն ունեցող հակամարտություններին։ Պահպանեք այդ ոգին, երբ վերադառնաք տուն։
ՄՕԿ-ի նախագահը Պեկինում 29-րդ օլիմպիական խաղերը հայտարարեց փակված և երիտասարդությանը կոչ արեց առաջիկա չորս տարիներին լավագույնս նախապատրաստվել Լոնդոնի՝ 2012 թվականի 30-րդ խաղերին։
«Մեկ աշխարհ, մեկ երազանք» կարգախոսով անցկացված խաղերի անկրկնելի օրերի ընթացքում աշխարհն է՛լ ավելի համախմբվեց, է՛լ ավելի հզորացավ։ Եվ այսօր չենք կարող չհիշել համաշխարհային սպորտի այս անկրկնելի տոնի գլխավոր «մեղավորին»՝ բարոն Պիեռ դը Կուբերտենին, որը 1892 թվականի նոյեմբերի 25-ին Սորբոնում 34 երկրների ներկայացուցիչների առջև կարդաց իր նշանավոր «Օլիմպիական վերածնունդ» անվանումը կրող դասախոսությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվող օլիմպիական խաղերն աշխարհի ողջ երիտասարդությանը հնարավորություն տան ուրախալի և եղբայրական հանդիպման, որի շնորհիվ աստիճանաբար կանհետանա անվստահությունը միմյանց հանդեպ...»։
Պեկինում 204 երկրների երիտասարդներ աշխարհի առջև բացեցին իրենց սրտերը, և բոլորը տեսան, որ այնտեղ թևածում է սիրո, բարեկամության և միասնության ոգին, առանց որի այս հաղթանակներն արժեք չէին ունենա։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5560

Մեկնաբանություններ